BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՕՐՕ. «Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում»

ՕՐՕ. «Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում»
04.04.2017 | 23:57

«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում»՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ՕՐՕ դաշինքի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը՝ ընդգծելով, որ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ։


Նա ասել է. «Բնականաբար չենք ընդունում ընտրությունների արդյունքները, որովհետև դրանք չեն արտացոլել իրականությունը և քվեարկողների կամարտահայտությունը։ Այս պահին մենք քննարկում ենք ԿԸՀ դիմելու հարցը, որպեսզի կատարվի մատնահետքերի համեմատական՝ պարզելու համար, թե կրկնակի քվեարկությունները որքան են եղել։ Որովհետև մենք խիստ կասկածներ ունենք, որ ընտրությունների այդ արդյունքներն ապահովվել են բազմակի քվեարկության արդյունքում, ընտրակաշառքների միջոցով։ Կրկնում եմ, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի, նաև գրեթե պարզել հնարավոր չի եղել. եթե մարդը, օրինակ, երկրորդ անգամ եկել է ընտրատեղամաս կամ մեկ այլ ընտրատեղամասում նույն մարդը փորձել է քվեարկություն իրականացնել, դա ըստ էության հնարավոր չի եղել պարզել՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, թե որերորդ անգամ է քվեարկում, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի։ Վստահված անձինք, կամ դիտորդները տեղում են արդեն արձանագրել, որ նույն մարդը երկրորդ անգամ է եկել ընտրատեղամաս։ Բայց, եթե նույն մարդը գնար այլ տեղամաս, այդ ժամանակ արդեն գրեթե անհնար կլիներ պարզելը՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, երրորդ, թե չորրորդ անգամ»։ Արեգնազ Մանուկյանը կրկնաքվեարկության հարցով Սահմանադրական դատարան դիմելը անիմաստ է համարել՝ նախորդ փորձը թերևս հաշվի առնելով:

«Դուք կարծում եք, որ ՕՐՕ դաշինքը շատ ավելի շատ քվե՞ է ստացել, քան այն, ինչ արձանագրվե՞լ է՝ այդ 32 հազարը» հարցին Արեգնազ Մանուկյանը պատասխանել է. «Եթե ընտրություններն իրենք չվերածեին խեղկատակության, եթե չկատարեին այն բոլոր կեղծիքները, որոնց մասին բազմիցս արձանագրվել են և ահազանգ է եղել, եթե չմեծացվեր քվեարկությանը մասնակիցների թիվը, բնականաբար, արդյունքներն էլ բոլորովին այլ կլինեին։ Նաև ուզում եմ ընդգծել, որ թե մինչև ընտրությունները, թե նաև ընտրություններից հետո, մեր դաշինքի հանդեպ մամուլով շարունակվում է թիրախավորումները, նաև դա ազդեցություն ունեցավ, կարծում եմ, ընտրողների շրջանում»։ Հետընտրական զարգացումների մասին նա ասել է. «Ընտրություններից առաջ ասացինք, որ ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ անենք։ Այսինքն՝ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ, իսկ ժողովրդի կողմից այժմ մենք նման պահանջ՝ փողոց դուրս գալու, կարծես թե չենք տեսնում»։

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ